«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի ուզում, որ ժողովրդավարության և ընտրությունների հետ կապված որևէ խնդրում Հայաստանն օրինակ վերցնի Ռուսաստանից: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանում կայացած Պետդումայի ընտրություններին:
«Այդ երկրում տեղի ունեցած ընտրությունները չեմ համարում օրինական և ժողովրդավարության տառին ու բովանդակությանը համապատասխան, հետևաբար ինձ համար երեկ Ռուսաստանում ներկայացված, ընտրությունների վերաբերյալ թվերը նկարչություն էին. այնպիսի նկարչություն, ինչպիսին մեզ մոտ են ներկայացնում և հասարակական բողոքի ալիքից վախենալով՝ որոշակի վարիացիաներ են անում: Ես չէի ցանկանա, որ հայաստանյան քաղաքական դաշտը ընտրությունների հարցում նմանվեր Ռուսաստանին, ես կցանկանայի, որ մենք օրինակ վերցնեինք Շվեյցարիայից, Բելգիայից ու Ֆրանսիայից»,- նկատեց Արամ Սարգսյանը:
Հարցին՝ դասեր կքաղե՞ն ընտրությունների արդյունքներից ՌԴ վարչապետն ու նախագահը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նկատեց. «Դասեր կքաղեն, թե ոչ՝ իրենց խղճի ու հավատքի խնդիրն է: Չի լինի ասել՝ միանշանակ դասեր կքաղեն, և չի լինի միանշանակ ասել, որ չեն քաղի»:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել երեկ՝ դեկտեմբերի 4-ին: Բոլոր գնահատականներով, «Եդինայա Ռոսիան» պակաս թվով ձայներ է ստացել, քան նախորդ ընտրությունների ժամանակ:









































