Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված դրություն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը`խոսելով գյուղի առջև ծառացած խնդրի շուրջ: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627 որոշմամբ` Քաջարան գյուղի 181,7 հա հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի, նաև գյուղի գերեզմանն է, պետք է տրամադրվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Ըստ գյուղապետի`գյուղում դրությունը սարսափելի է, և բնակիչները չեն կարող համակերպվել նման աղետին: «Cronimet ընկերությունը հաշվի չի առնում բնակիչների կարծիքը, խաբում է»,- նշեց Ռ. Աթայանը`հավելելով, որ խոստումներ են տալիս, որոնք հետագայում խախտում են:
Այն հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռք առնում գյուղացիները, ասաց, որ միջոցներ, իհարկե, բնակիչները ձեռք են առնում, փորձում են խանգարել հանքի ընդլայնման աշխատանքներին: «Այս պահի դրությամբ՝ մեզ հաջողվել է դադարեցնել աշխատանքները, բայց այսպես երկար չի կարող շարունակվել: Նրանք տեխնիկան բերում են, մենք միահամուռ կերպով հանում ենք: Ամբողջ գյուղը կտուժի: Նման բան որևէ մեկը հաստատ չի տեսել»,- մեկնաբանեց Ռաֆիկ Աթայանը`ընդգծելով, որ փոշով է ծածկվել ամբողջ Քաջարան գյուղը: Նա նաև տեղեկացրեց, որ սարսափելի վիճակում են ճանապարհները: Գյուղացիներն անելանելի վիճակում են:
Նշենք, որ մեկնարկել է մեկ այլ բնապահպանական շարժում` «SOS Քաջարան» անվանումով: Ակտիվիստներն այժմ պայքարում են, որպեսզի Քաջարան գյուղին պատկանող հողերը չհանձնվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, քանի որ հանքի ղեկավարությունը այն ընդլայնելու փորձեր է անում:








































