Չինաստանի իշխանությունները ուժեղ սմոգի պատճառով դեկտեմբերի 4-ին չեղյալ են հայտարարել մի քանի հարյուր չվերթներ և նույնիսկ փակել են ավտոմայրուղին:
Ինչպես հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով չինական CCTV ալիքը, ընդհանուր առմամբ, կիրակի չեղյալ է հայտարարվել ավելի քան 400 չվերթ: Իսկ Reuters գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին չեղյալ է հայտարարվել 200 չվերթ:
Պեկինի որոշ մասերում տեսանելիությունը չի գերազանցել 300 մետրը, այդ պատճառով իշխանությունները փակել են մայրուղիները, որոնք մայրաքաղաքը կապում էին Չինաստանի հյուսիսային մի քանի շրջանների հետ: Այն վայրերում, որտեղ տեսանելիությունը լավացել է, երթևեկությունը վերականգնվել է:
Պեկինում ԱՄՆ դեսպանատունը, որը չափումներ է անցկացնում օդի աղտոտվածությունը պարզելու համար, հայտարարել է մարդու համար վտանգավոր վնասակար նյութերի առկայության բարձր մակարդակի մասին: Կիրակի այդ ցուցանիշը մեկ խորանարդ մետրի վրա հասել է 500 միլիգրամի, իսկ կեսօրին նվազել է մինչև 356 միլիգրամը:
Ըստ Sky News-ի գնահատականի` Պեկինում օդը աստիճանաբար մաքրվում է 2008 թվականի Օլիպիական խաղերից հետո, որի նախաշեմին քաղաքային իշխանությունները կանգնեցրել էին մի քանի ածխային էլեկտրակայանների գործունեությունը և սահմանափակել էին ավտոմեքենաների թիվը:
Միջազգային բնապահպանական կազմակերպությունների գնահատականներով, Պեկինը դասվում է ամենաշատ աղտոտված քաղաքների շարքում ածխային էլեկտրակայանների շահագործման պատճառով:









































