Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն պլանավորել է մոտ ժամանակներս այցելել Իսրայել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինս, սակայն, չի մանրամասնել՝ Վաշաձեի այդ այցը կապվա՞ծ է արդյոք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրած այն վարկածի հետ, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից իսրայելցի երկու գործարարների համաներումից հետո Վաշաձեին զանգահարել է նրա իսրայելցի գործընկերը և նրա հետ տեսնվելու ցանկություն հայտնել։
Կալանդաձեն միայն նշել է հետևյալը. «Ճշմարիտն այն է, որ Վրաստանն ու Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունեն։ Ոչ վաղ անցյալում տեղի են ունեցել Վրաստանի ու Իսրայելի արտգործնախարարությունների խորհրդակցությունները։ Դրանցում իսրայելական կողմը ցանկություն է հայտնել անցկացնել խորհրդակցությունների հերթական փուլ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սաակաշվիլին համաներել էր վրացական բանտում պահվող իսրայելցի երկու գործարարներին՝ Ռոնի Ֆուքսին ու Զեև Ֆրենկելին, որոնք ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Բաթում քաղաքում և մեղադրվում էին Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 միլիոն դոլար կաշառք տալու մեջ:
Այս տարվա ապրիլի 1-ին Թբիլիսիի դատարանն իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսին և Զեև Ֆրենկելին մեղավոր էր ճանաչել պաշտոնատար անձին կաշառելու փորձի համար: Ֆուքսը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման և 500,000 վրացական լարի (295,000 ամերիկյան դոլար) տուգանքի, իսկ Զեև Ֆրենկելը` 6.5 տարի ազատազրկման ու 100,000 վրացական լարի (60,000 ամերիկյան դոլար) տուգանքի:










































