Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին խոստացել է հրաժարվել իր աշխատավարձից՝ ժողովրդի աչքում կառավարության պետական պարտքի կրճատման միջոցառումներն արդարացնելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Այսպիսի պայմաններում, երբ մենք ստիպված ենք իտալացիներին խնդրել զոհողությունների գնալ, սեփական աշխատավարձից հրաժարվելը ինձ միակ արդար տարբերակն է թվում»,- հայտարարել է Մոնտին, որն ավելի վաղ հայտարարել էր քաղաքական գործունեության ծախսերը կրճատելու մասին: Խոսքն առաջին հերթին վերաբերում էր երկրի տարբեր մարզերում վարչական ապարատի ծախսերի կրճատմանը:
Ներկայացնելով տնտեսական ճգնաժամի հաղթահարման հիմնական միջոցառումները՝ Մոնտին խոստացել է կրճատել երկրի պետպարտքը, որն այս պահին ամենաշատն է եվրոգոտում (1.9 տրլն եվրո, որը կազմում է ՀՆԱ 120%-ը):
Բյուջետային ծախսերը 30 մլրդ եվրոյով կրճատելու Մոնտիի նախագիծը ենթադրում է բարձրացնել հարկերը և կանանց ու տղամարդկանց թոշակային տարիքը: Բացի այդ, իշխանությունները պատրաստվում են մտցնել գույքահարկ և շքեղության հարկ:
Արհմիությւոնները դեմ են հանդես գալիս այս միջոցառումներին, սակայն հազիվ թե կարողանան ինչ-որ կերպ կանգնեցնել կառավարությանը, որը գտնվում է ԵՄ մյուս երկրների ուժեղ ճնշման տակ:










































