Իրանն այսօր նախազգուշացրել է Արևմուտքին, որ իր նավթի արտահանմանը խոչընդոտելը գրեթե կրկնակի կավելացնի նավթի գինը` սարսափելի հետևանքներ ունենալով համաշխարհային տնտեսության վրա:
Reuters-ը գրում է, որ Իրանի արտգործնախարար Ռամին Մեհմանփարաստը հարցազրույցում ասել է, որ եթե նման խնդիր ծագի, նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի համար մինչև 250 դոլարի:
Այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ Իրանը փորձում է զսպել միջազգային արձագանքը, որը ծագել էր Թեհրանում Բրիտանիայի դեսպանատան վրա անցած շաբաթ տեղի ունեցած հարձակումից հետո: Այս պատահարը դատապարտվեց ողջ աշխարհի կողմից և պատճառ հանդիսացավ, որ Թեհրանի հանդեպ ավելի խիստ գործողություններ նախաձեռնվեն:
Վաշինգտոնը և ԵՄ-ն արդեն քննարկում էին, թե ինչ մեթոդներով պետք է վերահսկել Իրանի նավթի արտահանումն այն բանից հետո, երբ նոյեմբերին կասկածներ առաջացան, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու ծրագիր ունի: Իրանը հայտնում է, որ միջուկային ծրագիրը ամբողջովին խաղաղ նպատակներ ունի:
ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը որոշել էր տուգանել արտասահմանյան այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք գործարքներ կկնքեն Իրանի կենտրոնական բանկի հետ: ԵՄ-ն ևս քննարկում էր Իրանի նավթի արտահանումների վրա արգելք դնելու որոշումը:
Դեռևս ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն վերջնականապես ոչինչ չեն որոշել, քանի որ մտավախություն կա, թե աշխարհի հինգերորդ ամենամեծ նավթ արտադրող երկրի վրա սահմանափակումներ դնելը կարող է շատ վատ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա:











































