Անկախ դիտորդները հաղորդում են Պետդումայի ընտրությունների զանգվածային օրինախախտումների մասին: «Գոլոս» ասոցիացիայի թեժ գծին դրանց վերաբերող հազարավոր զանգեր են գալիս:
Այս ասոցիացիան միակ անկախ կազմակերպությունն է, որը հետևում է Ռուսաստանում ընթացող ընտրություններին։ Այն հաղորդել է, որ իր կայքը ենթարկվել է ցանցահենային հուժկու գրոհի:
Մինչ այդ ասոցիացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց արգելել են մուտք գործել Տոմսկի շրջանի մի քանի ընտրատեղամաս:

Տոմսկի շրջանի ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլման Յուսուբովը հայտարարել է, որ «Գոլոս»–ի ներկայացուցիչներին չեն թողնում ընտրատեղամասեր, քանի որ նրանց գործունեությունը հակասում է ՌԴ օրենքին:
«Գոլոս»–ի հաղորդմամբ՝ իրենք ավելի քան 5.300 օրինախախտում են գրանցել ընտրությունների ժամանակ:
Սակայն Ռուսաստանի Կենտրոնկան ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ իրենք ոչ մի բողոք չեն ստացել միջազգային դիտորդներից, որոնք գտնվում են ընտրատեղամասերում:
Интерфакс-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՆԳՆ-ն երեք քրեական գործ է հարուցել՝ ընտրախախտումների հետ կապված: Օրինակ՝ Վլադիկավկազում քերական գործ է հարուցվել կապված կուսակցություններից մեկի գովազդային վահանակը ջարդելու հետ:
Այդ ընթացքում ձերբակալվել է նաև ռուս հայտնի ակտիվիստ Սերգեյ Ուդալցովը, ով գնալիս է եղել հանրահավաքի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մինչ այդ BBC-ի աշխատակիցը հայտնել է, որ նրա ձերբակալության մասին հրամանը տրվել է ռադիոընդունիչով՝ իրավապահ մարմինների կողմից:

Մի քանի ռուսական կայքեր ցանցահենների գրոհների զոհ են դարձել: Эхо Москвы–ն, Коммерсант–ը, The New Times–ը, slon.ru և Большой город կայքերը ենթարկվել են գրոհների:
Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաղորդում է, որ հուժկու DDoS գրոհը կայքի վրա սկսվել է Մոսկվայի ժամով առավոտյան 7:00-ից:
«Գրոհը կայքերի վրա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իշխանություններն ուզում են խանգարել ընտրախախտումների մասին տեղեկատվության լուսաբանմանը»,- ասել է նա:
«Մենք պատրաստվում ենք դիմել ՌԴ գլխավոր դատախազություն և ԿԸՀ: Մենք նշում ենք նաև, որ մեր կայքի վրա հարձակումն ավելի շատ է կասկածի տակ դնում ընտրությունների լեգիտիմությունը: Եթե պարզվի, որ այս ամենի հետ կապ ունեն պետական կառույցները, մենք, միևնույն է, կդիմենք դատարան»,- ասել է Վենեդիկտովը:
Ընտրական հանձնաժողովի անդամները Справедливaя Россия կուսակցության ներկայացուցիչ Եկատերինա Լավրովային հեռացրել են N58 ընտրական տեղամասից` «չափազանց ակտիվ լինելու համար»:
Ինչպես գրում է Газете.ru-ն, Լավրովան ասել է, որ ընտրական հանձնաժողովի անդամները տեսել են, որ ինքն ակտիվ գրառումներ է անում և հետևում գործընթացին` տեղաշարժվելով մի տեղից մյուսը: Նրան մեղադրում են, որ խաթարել է ընտրությունների բնականոն հունը և փորձել է խախտել ընտրական գաղտնիությունը:
Լավրովան բողոքել է, որ իրեն պետք է հետ ընդունեն, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն խորհրդակցական ձայների մեծամասնության միջոցով հեռացնել իրեն տեղամասից:








































