Եվրոյի ներմուծման ժամանակ թույլ տրված սխալները հանգեցրել են այսօրվա պարտքային ճգնաժամին: Բրիտանական մամուլին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Եվրահանձնաժողովի նախկին նախագահ, միասնական արժույթի ստեղծման նախաձեռնողներից Ժակ Դելորը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վերջին մոտ 10 տարիների ընթացքում իր առաջին հարցազրույցում Դելորը պատմել է այն սխալների մասին, որոնք թույլ են տրվել միասնական աժութային համակարգի ստեղծման ժամանակ: Դելորի խոսքերով, եվրոպացի քաղաքական գործիչները նախընտրել են միասնական արժութային համակարգի ստեղծման ժամանակ աչք փակել ոչ ցանկալի մանրամասների, մասնավորապես բլոկին անդամագրվելու թեկնածու երկրների տնտեսական անկայունության և բյուջետային դեֆիցիտների վրա:
Բացի այդ, Դելորը ժամանակակից եվրոպական պետություններին մեղադրել է, որ նրանք բավարար չափով ջանք չեն գործադրում եվրոյի պաշտպանության համար: Նա հատկապես առանձնացրել է Գերմանիայի ձգտումը՝ թույլ չտալ Եվրոպական կենտրոնական բանկին օգնել ԵՄ անդամ երկրներին: Բացի այդ, նրա կարծիքով ԵՄ մյուս անդամ երկրները բավարար չափով չեն մասնակցում խնդրի կարգավորմանը:
Դելորը հարցազրույց է տվել հենց այն օրը, երբ Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության եկան եվրոյի փրկության համար ավելի սերտ համագործակցության շուրջ: Եվրոգոտու խոշորագույն տնտեսությունները համաձայնության են եկել ֆունդամենտալ փոփոխություններ մտցնել Եվրամիության համաձայնագրում՝ եվրոպական արժույթը պահպանելու համար:






































