«Առաջին լրատվական»-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկանում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի հանձնարարականով այսօրվանից Վերին Լարսի անցակետում գտնվող հայ բեռնափոխադրողների բեռնատար մեքենաները հայկական կողմի տրամադրած հատուկ ծանրաքարշ մեքենաների օգնությամբ սկսել են տեղաշարժվել:
Այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռամազ Նիկոլայիշվիլին:
Վերին Լարսի անցակետում առատ ձյան և բքի պատճառով մնացած մեքենաներն ամբողջությամբ կտեղափոխվեն առաջիկայում նշված ճանապարհի խնդիրների լուծման համար հայ-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո, որի նպատակով այս պահին Վրաստանում ընթանում են քննարկումներ’ հայ եւ վրացի մասնագետների միջև:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո, որը պարբերաբար հաղորդվում է նախարարության կողմից: