Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Apple-ի հայցն ընդդեմ Samsung Electronics ընկերության, որում պահանջում էր ԱՄՆ-ի տարածքում արգելել Galaxy սմորաթֆոնների և պլանշետների վաճառքը:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դաշնային շրջանային դատարանի դատավորի հայտարարության մեջ ասվում է, որ Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Apple-ի հայցը` ժամանակավոր դատական արգելք դնել Samsung-ի նկատմամբ:
«Ապացուցված չէ այն փաստը, որ Samsung ընկերության սարքավորումների վաճառքի նկատմամբ արգելք դնելու դեպքում Apple-ը կխուսափի անդառնալի կորուստներից»,-ասել է դատավորը:
Հիշեցնենք, որ Apple և Samsung ընկերությունների միջև դատական վեճեր են գնում տասը երկրում: Ընկերությունները միմյանց մեղադրում են պլանշետների և սմարթֆոնների սենսորային էկրանների տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ: Նոյեմբերի 30-ին Ավստրալիայի դատարանը բավարարել է Samsung ընկերության բողոքը և հանել է երկրի տարածքում նրա պլանշետների վաճառքի արգելքը: