Լեհաստանի արտգործնախարարն այսօր ասել է, որ երկիրը պատրաստ կլինի միանալ եվրոգոտուն 4 տարի հետո, բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե որոշակի բարեփոխումներ անցկացվեն, և եթե եվրոգոտու անդամ դառնալը համապատասխանի Լեհաստանի շահերին:
Associated Press-ը գրում է, որ Ռադեկ Սիկորսկին կրկին կոչ է արել Գերմանիային իր ձեռքը վերցնել Եվրոպայում սկսված ճգնաժամը վերացնելու գործը:
Ռադիոհարցազրույցի ժամանակ նա ասել է, որ Գերմանիայի ղեկավարությունը կարող է 17 անդամ ունեցող եվրոգոտու ճգնաժամը լուծել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ արտգործնախարարը կրկին կոչ էր արել Գերմանիային ավելի վճռական գործել՝ Եվրոպայում բարեփոխումներ անցկացնելու համար:










































