Վաղը Հաշմանդամների միջազգային օրն է: 1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար մատչելի պայմանների ապահովումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը 2011 թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակը հասարակության մեջ այդ անձանց իրավունքների մասին իրազեկելն ու նրանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորելն է:
Միամսյակի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում տեղի են ունեցել և կունենան միջոցառումներ` պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ:
Վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ և միջոցառումներ են իրականացնելու հասարակական կազմակերպությունները:









































