Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց մտավոր արատ ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնը:
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին մտավոր արատ ունեցող երեխաների և երիտասարդների կողմից պատրաստված 157 աշխատանքներ`մաքրամե, ապլիկացիա, նկարչություն, բրնձագործություն, գեղագիտական ձևավորում: Ցուցահանդեսի ժամանակ մտավոր արատ ունեցող երիտասարդները նաև տեղում պատրաստեցին աշխատանքներ, ցուցադրեցին թատերական բեմականացումներ:
Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի 50%-ը կստանա շահառուն, իսկ մյուս մասը կփոխանցվի` վճարելու համար ցերեկային խնամքի կենտրոնի ջեռուցման վարձը, որն ամսական կազմում է շուրջ 300 հազար դրամ:
Նշենք, որ Երևանում մտավոր արատ ունեցող երեխաների և երիտասարդների միակ ցերեկային խնամքի կենտրոնը ստեղծվել է 1999թ.: Ամեն օր ժամը 10.00-17.00-ը կենտրոն է հաճախում 55 շահառու: Այստեղ գործում են ձեռագործության, նկարչության, բրնձագործության, կավագործության, գեղագիտական ձևավորման և թատերական խմբակներ:











































