Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը General-Anzeiger Bonn թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է «Թալիբանի» հետ բանակցություններ սկսել Աֆղանստանի ապագայի վերաբերյալ: Սակայն թալիբները բանակցություններին կարող են միանալ միայն այն դեպքում, եթե նրանք կապերը խզեն «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:
Խոսելով Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին` Մերկելը չի բացառել, որ նախապես նշված ժամկետը կարող է երկարաձգվել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գերմանացի զինվորները Աֆղանստանից հեռանալու են 2014 թվականին:
Դեկտեմբերի 5-ին Բոննում կայանալու է Աֆղանստանին նվիրված կոնֆերանս, որին ներկա են կլինեն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ավելի քան 60 երկրների արտաքին գործերի նախարարներ:
Վկայակոչելով ամերիկյան հետախուզության փաստաթղթերը` Bild թերթը փոխանցում է, որ Համիդ Քարզայն այս կոնֆերանսը իր իշխանության համար սպառնալիք է համարում և գտնում է, որ իրենից փորձում են փաստացի խլել երկրի կառավարումը: Ընդ որում, համաձայն ամերիկացիների և գերմանացի զինվորականների գաղտնի փաստաթղթերի` արևմտյան երկրները վախենում են, որ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում կսկսվի քաղաքացիական պատերազմ:











































