Պակիստանի բանակի հրամանատարությունն իր զինծառայողներին «գործողությունների լիակատար ազատություն» է տվել ՆԱՏՕ-ի կողմից նոր հարձակումների դեպքում:
«Ձեզ կտրվի գործողությունների լիակատար ազատություն, դուք կարող եք ընտրել այն զենքը, որը կօգտագործեք դաշինքի հարձակումներից պաշտպանվելու համար,- հայտարարել է Աֆղանստանի ցամաքային ուժերի շտաբի պետ Աշֆակ Փերվեզ Քիանին:- Դուք կարող եք օգտագործել բանակի տրամադրության տակ գտնվող ամբողջ զինանոցը»:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, հրամանատարը բանակային ստորաբաժանումներին կոչ է արել «գործել ըստ հանգամանքների»՝ նույնիսկ առանց բարձրագույն հրամանատարությանը տեղյակ պահելու:
«Ես արդեն հրաման եմ արձակել, որ ցանկացած նոր ագրեսիայի պետք է տրվի կործանիչ պատասխան՝ անկախ դրա գնից և հետևանքներից»,- նշել է Քիանին:
Քիանիի ելույթը նվիրված էր շաբաթ օրը ՆԱՏՕ-ի զորքերի հարձակումից հետո երկրի զինված ուժերի մարտական պատրաստականությունը բարձրացնելու միջոցառումներին:
Հիշեցնենք, շաբաթ օրը ՆԱՏՕ-ի օդուժը հարվածներ էր հասցրել Պակիստանի անցակետին, ինչի հետևանքով զոհվել էր 24 սահմանապահ: Ի պատասխան դրա՝ Պակիստանը ԱՄՆ-ից պահանջել է մինչև դեկտեմբերի 11-ը ազատել իր տարածքում տեղակայված «Շամսի» ավիաբազան, ինչպես նաև, որպես բողոքի նշան, հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 5-ին Բոննում կայանալիք Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսին:









































