2012 թ. բյուջեի մեջ գյուղատնտեսության համատարած հաշվառման համար ֆինանսական հատկացումներ նախատեսված չեն: Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Անանյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, մշակվում են հարցաթերթիկները, մեթոդաբանությունը, բյուջեի կառուցվածքը:
Գյուղատնտեսության համատարած հաշվառման մասին օրենքն ընդունվել է 2008 թվականին։ Այս ընթացքում աշխատել են միջազգային կառույցների, ԱՄՆ ագրոդեպարտամենտի հետ, ներկայում «Թվինինգ» ծրագրի շրջանակներում աշխատում են Դանիայի վիճակագրական ծառայության հետ:
Մոտավոր հաշվարկներով՝ գյուղատնտեսության հաշվառումը կարժենա 4-5 մլն դոլար: Գ.Անանյանի խոսքով՝ դա կախված է նրանից, թե ինչ ընտրանքով կարվի՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ամբողջ տնտեսությունների, թե՝ ոչ: Կա 4 կատեգորիա՝ գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքային տնտեսություններ, գյուղատնտեսական առևտրային կազմակերպություններ և այգեգործական միության անդամներ: Ըստ Գ.Անանյանի՝ գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են գյուղարտադրանքի 95%-ը, ամբողջությամբ կարվեն, առևտրային կազմակերպությունները մինչև 100 հատ են, դրանք էլ համատարած կհաշվառվեն, իսկ քաղաքային տնտեսությունները և այգեգործական միությունները հնարավոր է 10% ընտրանքով արվեն, ինչը ընդունված է միջազգային պրակտիկայում:
Գ.Անանյանը նշեց, որ ֆինանսական միջոցները պետք է կառավարությունը հատկացնի, առայժմ ոչ մի դոնոր կազմակերպություն չկա:
Վերջին անգամ Հայաստանում գյուղատնտեսության համատարած հաշվառում արվել է 1916 թ., որի վերաբերյալ Երևանի գուբերնիայի կտրվածքով որոշակի տվյալներ կան ԱՎԾ-ում: