Հայաստանում քաղաքական շուկա է ձևավորվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների շուրջ:
Բանախոսը լրագրողներին ներկայացրեց քաղաքական դաշտում գործող ուժերի գործունեության ոլորտները: Ըստ նրա` ՀՀԿ-ն զորավիգ է պետական պաշտպանությանը, ԲՀԿ-ն տնտեսական զարգացման խնդիրներն է հանձն առել, ՀՅԴ-ն միջազգային նպատակներ է հետապնդում, ՕԵԿ-ը` մարդու իրավունքների պաշտպանությունը` սոցիալական երանգներով, ՀԱԿ-ի գործունեության ոլորտը Ահարոն Ադիբեկյանի համար պարզ չէ:
Բանախոսը քաղաքական դաշտը դիտում է որպես քաղաքական շուկա, իսկ քաղաքական ուժերին ` բրենդներ, որոնք ունեն արտադրանք: Նրա կարծիքով` ՀԱԿ բրենդը պետք է առաջարկի նոր արտադրանք, որը չկա շուկայում:
«Բոլոր արտադրանքները զբաղված են և բոլոր տեղերը` զբաղեցված: Նրանք ասում են, որ պետք է դադարեցնել գործող բրենդը, բայց չեն առաջարկում մեկ ուրիշը»,-մեկնաբանեց Ադիբեկյանը` ընդգծելով, որ հասարակության շրջանում դժգոհությունը այնքան մեծ չէ, որ սոցիալական ալիք բարձրանա:
Սոցիոլոգի կարծիքով` ՀԱԿ-ը ինքնորոշման խնդիր ունի և պետք է իրեն հստակ դրսևորի:
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի երեկվա հարցազրույցին` ասաց, որ Զուրաբյանը մեծամտություն արեց` ասելով, թե ՀԱԿ-ը պարտադրեց իշխանությանը երկխոսություն: Սերժ Սարգսյանը միշտ է ասել, որ պատրաստ է երկխոսության, նշեց Ադիբեկյանը:









































