РБК-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների կոմիտեն նոր բանաձևեր է ընդունել, որում դատապարտել է Իրանում, Մյանմարում և Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները։ Նշվում է, որ այդ բանաձևերն ընդունվել են ձայների ռեկորդային առավելությամբ։
Իրանին առնչվող բանաձևը դատապարտում է մարդկանց նկատմամբ դաժան, նվաստացնող, արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը (մասնավորապես՝ մարմնական կտտանքները, մարմնի մասերի անդամահատումը)։ Ըստ այդ բանաձևի՝ Իրանը դե յուրե և դե ֆակտո պետք է հրաժարվի մահապատժի անմարդկային ձևերից, ինչպես նաև քայլեր ձեռնարկի կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Հակաիրանական բանաձևի օգտին քվեարկել է 86 երկիր, 32-ը դեմ են քվեարկել, իսկ 59-ը՝ ձեռնպահ։
Հյուսիսային Կորեայի դեպքում բանաձևի օգտին քվեարկել է 112 երկիր, դեմ՝ 16 երկիր, ձեռնպահ՝ 55 երկիր։
Մյանմարի դեպքում կողմ է արտահայտվել 92 երկիր, դեմ՝ 25 երկիր, ձեռնպահ՝ 63 երկիր։
Ուշագրավ է, որ Ռուսաստանը դեմ է քվեարկել երեք բանաձևերին էլ։








































