Այս տարվա արաբական գարնանային բողոքի ցույցերի և Իրանի ենթադրյալ միջուկային ծրագրի շուրջ ծագած մտահոգությունների իրարանցման պայմաններում Իսրայելի և մի շարք արաբական պետությունների ներկայացուցիչներն այսօրՎիեննայում բանակցելու են միջուկային զենքից ազատ Մերձավոր Արևելք ունենալու գաղափարի շուրջ:
Voice of America-ն գրում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (International Atomic Energy Agency) կողմից կազմակերպված այս երկօրյա հանդիպման ընթացքում կքննարկվի միջուկային զենքից ազատ Մերձավոր Արևելք ունենալու գաղափարը, որի ստեղծման համար արդեն երկու տարի է, ինչ աշխատանքներ են տարվում:
IAEA–ի գլխավոր տնօրենն իր բացման խոսքում ասել է, որ միջազգային մեծ աջակցություն կա նման գոտի ստեղծելու համար, և հույս է հայտնել, որ համաժողովը կօգնի ընդլայնել երկխոսությունը:
Նման գաղափարը նոր չէ: Միջուկային զենքից ազատ գոտիներ արդեն իսկ գոյություն ունեն աշխարհում `Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Կարիբյան կղզիներում և ասիական որոշ պետություններում:











































