Ֆրանսիան կոչ է արել Եգիպտոսի իշխանություններին և ընդդիմությանը պատասխանատվություն ցուցաբերել և այնպես հաշվարկել, որ 2012 թ. եգիպտացիները կընտրեն օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքացիական մարմիններ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն:
«Ֆրանսիան դատապարտում է բռնությունը, որը հանգեցրել է ավելի քան 20 ցուցարարների մահվան: Մենք բոլորին պատասխանատվության կոչ ենք անում»,- հայտարարել է Վալերոն Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսին:
Նա ավելացրել է, որ Ֆրանսիան ողջունում է Եգիպտոսում ժողովրդավարության անցումը:
«Այն պետք է 2012 թ. հանգեցնի իշխանության փոխանցմանը ընտրված քաղաքացիական օրենսդիր և գործադիր իշխանություններին»:
Նրա խոսքերով, այս իրավիճակում առաջնային խնդիր պետք է լինի «նախատեսված ժամկետներում թափանցիկ ընտրությունների կազմակերպումը»:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանությունը արցունքաբեր գազի և ռետինե գնդակների օգնությամբ ցրել է զինվորական իշխանությունների դեմ բողոքող ցուցարարներին, որի հետևանքով զոհվել է 35 (ավելի վաղ հաղորդվում էր 22), վիրավորվել՝ շուրջ 2000 մարդ:











































