Սփրեդի ու կարագի գաղտնիքները բացահայտված են. իրավախախտ 10 իրացնող և ներկրող ընկերություններ՝ «Սթար Դիվայդ», «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Ֆրեշ», «Նոր Զովք» և «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս Սարգ», «Արդիս» ՍՊԸ-ները այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում տուգանվեցին` յուրաքանչյուրը 3-ական միլիոն դրամով (ընդհանուր` 30 մլն դրամ):
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն կատարել էր հսկիչ գնումներ ու պարզել, որ կարագի անվան տակ սպառողներին վաճառվել է բուսասերուցքային սփրեդ , որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից, բայց շատ ավելի էժան է (1 կգ-ը` մոտ 1000 դրամ):
Հանձնաժողովի դիտարկմամբ՝ այն տնտեսվարողները, ովքեր բուսասերուցքային սփրեդը վաճառում են կարագի անվան տակ, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ՝ ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:
Չարաշահող ընկերությունները միաբերան, բացառությամբ ներկրող «Կարթել-Աննա»-ի, ընդունեցին խախտումը և խոստացան, որ հետագայում կբացառեն նման դեպքերը:
«Կարթել-Աննա»-ի ներկայացուցիչ Համլետ Խաչատրյանը պատճառաբանեց, թե նախ` իրենից նախօրոք չեն պահանջվել փաստաթղթերը, այլ նշվել է, որ դրանք կարող է ՏՄՊՊՀ նիստի ժամանակ ներկայացնել: Միաժամանակ Հ. Խաչատրյանը փորձեց մեղքը բարդել իր ներկրած սփրեդը վաճառած «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի վրա` իբրև թե խանութը այլ ապրանք է ներկայացնում որպես «Կարթել-Աննա»-ի մատակարարած:
Հանձնաժողովն ընկերության ներկայացուցչի փաստարկները չընդունեց: Հ. Խաչատրյանն էլ հայտարարեց. «Կհանդիպենք դատարանում»:
«Առաջին լրատվական»-ը փորձեց «Նոր Զովք»-ի ներկայացուցչից պարզել, թե արդեն քանի՞ տարի է, որ նման կերպ մոլորեցնում են սպառողին, և ստացավ պատասխան` ընդամենը 1 ամիս է:






































