Ինչպես երևում է, Հայաստանի ներքաղաքական կյանքը ոչ մի կերպ չի պատրաստվում աշխուժանալ:
Իսկ ակտիվ ներքաղաքական կյանքի հիմքերը առկա են վաղուց, և այս ընթացքում դրանք ոչ միայն չեն չեզոքացվել, այլ նույնիսկ էլ ավելի են խորացել` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Այդ պայմաններում ներքաղաքական ներկայիս հանգստությունը ինչ-որ տեղ դառնում է նաև անհանգստացնող:
Բանն այն է, որ այդ հանգստությունը կա՛մ վկայում է այն մասին, որ իրականում արտաքին ոլորտում առկա խնդիրները էլ ավելի են լարված և ներքաղաքական սուբյեկտները շատ լավ տեղյակ լինելով այդ մասին ամենևին ժամանակ ու ցանկություն չունեն ներքաղաքական կյանքով շեղվելու, կա՛մ էլ պարզապես այդ սուբյեկտները այն աստիճան էին կախվածության մեջ դրսից, որ այժմ պարզապես հայտնվել են անելիքի և ասելիքի առումով որոշակի վակուումի առաջ:
Մինչդեռ, խնդիրն այն է, որ մինչև նրանք հաղթահարեն այդ կախվածությունը, մեր իրականությունը կարող է «ռեսթարտ» լինել: Իսկ այդ դեպքում, երբ առկա ժամանակը ծախսվի դրսի կախվածությունից ձերբազատվելու վրա, Հայաստանում թերևս կրկին բաց կթողնվի ներքաղաքական կարծրացած և ինչ-որ առումով նաև լճացած օրակարգը վերաձևակերպելու և թարմացնելու հնարավորությունը, ներքաղաքական կյանքին երկրորդ շնչառություն հաղորդելու հնարավորությունը:








































