«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ծառայողական առաջխաղացումը վկայում է, որ մարտի 1-ի չբացահայտումը բարձր է գնահատվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
«Փաստ է, որ մարտի 1-ի չբացահայտումը իշխանությունների համար շատ էական է եղել: Նախկինում սարքված գործերը կամ բազմաթիվ փաստերի կոծկումը բարձր են գնահատվում իշխանությունների կողմից, և այդպիսի մարդիկ պահանջարկ ունեն նաև այսօր: Ես կարծում եմ, որ եթե Վահագն Հարությունյանը ունենար հաջողություն և որոշակի բացահայտումներ, իրեն ոչ թե կպարգևատրեին, այլ անպայման կպատժեին»,- ասաց Ա. Քոչարյանը` հավելելով, որ այդ նշանակումը ցույց տվեց, որ իշխանությունների համար նույնիսկ մարտի 1-ի բացահայտման հավաստիացման անհրաժեշտություն այլևս գոյություն չունի:
«Այսպիսի մեկ նշանակումը ի չիք է դարձնում այն խոստումները, թե ոստիկանական համակարգում տեղի են ունենալու լրջագույն բարեփոխումներ: Կարծում եմ, հակառակը, սա բացասական հետևանքներ կունենա ոստիկանական համակարգի համար»,- ամփոփեց Քոչարյանը:
Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011 թ. նոյեմբերի 16-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնում: Քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին, որը ղեկավարելու է քննչական խմբի աշխատանքները:









































