Զինվորական բժշկական հանձնաժողովների ամբողջ ուշադրությունն ուղղված է միայն առողջ զորակոչիկներին զինծառայության տանելուն: Նման հավաստիացում այսօր ասուլիսում արեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանը: Ըստ նրա՝ բացթողումներ կարող են լինել, բայց ոչ շատ՝ 1 զորակոչի ժամանակ մինչև 5 դեպք:
Անդրադառնալով Հովհաննես Մարգարյանի դեպքին՝ Ա. Փարսադանյանը հայտարարեց, թե հոգեկան շեղումը աստվածային պատիժ է: «Զորակոչն արվել է ճիշտ: Գուշակել, որ հիվանդությունը գլուխ կբարձրացնի ծառայության 3-րդ ամսում, չէր կարելի»,- հայտարարեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը՝ բացառելով կողմնակի միջամտությունը: Ըստ նրա, հոգեկան խանգարման այդ տեսակն այնպիսի հիվանդություն է, որ որևէ այլ գործոն չէր կարող ազդեցություն ունենալ:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ վիճակ է տիրում բանակում սանիտարահիգիենիկ տեսանկյունից, մասնավորապես՝ ոջիլների դեմ պայքարի, Ա. Փարսադանյանը հայտարարեց, որ բանակի սանիտարահիգիենիկ վիճակը կայուն է, իսկ ոջիլներով վարակվածության դեպքերը եզակի են: Նրա խոսքով, մշտապես հետևում են և ոջլոտության որևէ դեպք բացահայտելիս քիմիական ախտահանման է ենթարկվում ամբողջ ջոկատը:
«Կարող են լինել դեպքեր, բայց ասել, որ ամբողջ բանակը ոջիլի մեջ կորած է՝ ոչ»,- ընդգծեց Ա. Փարսադանյանը:







































