Եթե ընտրություններն անցնեն առանց լուրջ խախտումների, ապա հաղթողը կլինի ԲՀԿ-ն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը`շարունակելով, որ եթե անցնեն, ինչպես մինչ այժմ, ապա դրանց արդյունքների մասին կարող ենք հավաստի տեղեկություններ ստանալ Ահարոն Ադիբեկյանից:
Ըստ քաղաքագետի` եթե ՀՀԿ ցուցակը գլխավորեց Ս. Սարգսյանը, ՀԱԿ-ը կստանա փրկության շանս: «Այդ դեպքում ՀՀ առաջին նախագահը հնարավորություն կունենա հայտարարելու, որ դրանք արտահերթ նախագահական ընտրություններն են, քանզի Ս. Սարգսյանը այդ ընտրություններում կմասնակցի: Լևոն Տեր-Պետրոսյանը կասի, որ սրանք շարքային խորհրդարանական ընտրություններ չեն, այլ արտահերթ նախագահական, որովհետև նախագահը մասնակցում է ընտրություններին: Եթե այդպես չլինի մրցակցելու է մի «Գագիկ Բեգլարյանի» հետ»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկխոսությանը` քաղաքագետն ասաց, որ դա եղել է երկխոսություն ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև, իսկ կոալիցիոն անդամները ձևականորեն են մասնակցել: «ԲՀԿ-ն հիմքեր ուներ մտահոգվելու իր ապագայով, որովհետև եթե երկխոսությունը կայանար, նախագահի ոճն իմանալով, կարելի էր եզրակացնել, որ ՀԱԿ-ին կտրամադրեր ԱԺ-ում տեղեր»,- նշեց Հ. Հովհաննիսյանը`հավելելով, որ Սերժ Սարգսյանը սիրում է անդրկուլիսյան պայմանավորվածություններ, և եթե չձախողվեր երկխոսությունը, լինելու էր պայմանավորվածություն, թե ինչքան տեղ էր տրամադրվելու խորհրդարանում ՀԱԿ-ին:
Այդպիսով, ըստ քաղաքագետի, ԲՀԿ-ն հայտնվեց շատ շահեկան դիրքում:











































