Նյու Յորքում մուսուլմանները երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնում` որպես բողոքի նշան ոստիկանության կողմից իրենց նկատմամբ սահմանված խիստ հսկողության: Ինչպես հաղորդում է ABC News-ը, մի քանի հարյուր մարդ Մանհեթենի կենտրոնով շարժվել են դեպի «հին քաղաք» և կատարել ընդհանուր աղոթք:
Մուսուլմանները ոստիկանությունից պահանջում են դադարեցնել հետևել մզկիթներին և մուսուլմանական համայնքի առանձին ներկայացուցիչների՝ հիշեցնելով, որ «ազատ դավանանքի իրավունք ունեն և ոչ մի կապ չունեն հանցագործ խմբավորումների հետ»: «Մենք խաղաղ մարդիկ ենք և արժանի չենք մշտապես լինելու ոստիկանության հսկողության տակ»,- գրված է ցուցարարների պաստառների վրա:
«2001 թ.-ից սկսած գործակալները մուսուլմաններին ամենուր հետևում են. ոստիկաններ կարելի է տեսնել դպրոցներում, ռեստորաններում, նույնիսկ այնտեղ, որտեղ երեխաներ են զբոսնում»,- ասում են ակցիայի մասնակիցները: «Մենք ազատ երկրում ենք ապրում: Այս հետապնդումներին պետք է վերջ դրվի»,- հայտարարել է ակցիայի մասնակից Խալեդ Մաշաալը:
Ոստիկանության տվյալներով, մուսուլմանների ակցիան ընթացել է խաղաղ, առանց միջադեպերի:







































