Ադոլֆ Հիտլերը ստիպում էր իրեն ժամերով սպասել` այդպիսով հասնելով իր քաղաքական ծրագրերի իրականացմանը: Ինչպես հաղորդում է Die Welt թերթը, վկայակոչելով նացիստական պարագլուխներից մեկի` Յոզեֆ Գեբբելսի օրագիրը, Հիտլերի ուշացումները նրա ռազմավարության մի մասն էին:
Որպես օրինակ թերթը բերում է 1939 թ. Հիտլերի հանդիպումը Չեխոսլովակիայի նախագահի և արտգործնախարարի հետ: Էմիլ Գախան և Ֆրանտիշեկ Խվալկովսկին Բեռլին էին հասել երեկոյան ժամը 10-ին, սակայն Հիտլերը նրանց ընդունել է միայն 3 ժամ անց:
«Գախան և Խվալկովսկին եկել էին Բեռլին: Ֆյուրերը ստիպեց նրանց սպասել մինչև կեսգիշեր… Մի անգամ նա մեզ հետ է այդպես վարվել Վերսալում: Դրանք քաղաքական մարտավարության հին, փորձված մեթոդներ են»,- գրել է Գեբբելսը:
Ինչպես հաղորդում է թերթը, իրականում Հիտլերը Չեխոսլովակիայի նախագահին և արտգործնախարարին ընդունել է կեսգիշերից ավելի ուշ` նրանց սպառնալով, որ ընդհանրապես կարող է չընդունել:
Նացիստական արտգործնախարարության արձանագրության համաձայն` Հիտլերի մարտավարությունը հաջողություն էր ունենում. Գախան խոսակցությունը սկսել է շնորհակալություն հայտնելով հրավերի համար: Ընդ որում՝ Հիտլերի գաղափարները նա «հիանալի» է համարել` նշելով, որ «Չեխոսլովակիայի ճակատագիրը գտնվում է ֆյուրերի ձեռքում», և ավելացնելով, որ դրանք «հուսալի ձեռքեր են»:
Այնուամենայնիվ, Հիտլերը հստակ հասկացրել է իր հյուրերին, որ առնվազն 5 ժամ հետո գերմանական զորքերը կանցնեն Չեխոսլովակիայի սահմանը: «Տանկերը չեն կանգնեցնի իրենց ընթացքը»: Դրանից հետո սպառնալիքներ են հնչել Պրահայի հասցեին այն դեպքում, եթե Չեխոսլովակիան դիմադրություն ցուցաբերի գերմանական զորքերին:
Ավելի ուշ Հիտլերը համաձայնության է եկել Չեխոսլովակիայի հետ Ռայխի վերահսկողության տակ էթնիկ չեխերով բնակեցված Բոգեմիի և Մորավիի պրոտեկտորատներ ստեղծելու շուրջ:







































