Նոյեմբերի 17-ին Նյու Յորքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան շրջանային մարմնի կողմից կազմակերպվել է հանդիսավոր ճաշկերույթ:
Ճաշկերույթին հրավիրված են եղել հայ համայնքի ներկայացուցիչները:
Բ. Սահակյանը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա խնդիրների և զարգացման հեռանկարների հետ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր անկախ պետության զորացման գործում` այս տեսանկյունից բոլոր հաջողությունների գրավականը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Բ. Սահակյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` այն որակելով որպես ներհայկական միասնականության պրակտիկ ամրապնդման ամենակարևոր օղակներից մեկը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:









































