2011 թվականի սկզբից հայ գործարար կանաց` բիզնես համայնքին ինտեգրումը խթանելու նպատակով ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը աջակցություն է տրամադրել կանանց, որոնք զբաղվում են գործարարությամբ: 2011 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում` Պռոշյան 2/1 հասցեում, 2-րդ հարկում տեղի կունենա «Գործարարությունը որպես հասարակությունում կանանց դերի բարձրացման գործիք» ծրագրի եզրափակիչ դասընթացը և կներկայացվեն ծրագրի արդյունքները:
Ծրագրի հիմնական նպատակն է կին գործարարների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հավասար պայմանների ստեղծումը: Իրազեկվածության մակարդակի բարձրացման, կրթության, օրենքի գերակայության առաջմղման, ֆինանսական և գործարար աջակցության միջոցով ծրագիրն աշխատել է նպաստել կանանց գործարար համայնքին ինտեգրմանը: Միջոցառումները ներառել են ինչպես ուսուցման, մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության, այնպես էլ ֆինանսական աջակցության բաղադրիչներ: ԵՄ ֆինանսական աջակցության չափը ծրագրին կազմել է 120,650 Եվրո:
Արդյունքում ավելի քան 800 կանայք մասնակցել են իրենց սեփական գործը սկսելու նպատակով կազմակերպված մասնագիտական դասընթացների, ստացել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ մասնագիտական տեղեկատվություն և խորհրդատվություն, ինչպես նաև աջակցություն են ստացել իրենց գործունեության կազմակերպման և բիզնեսի զարգացման տարաբնույթ հարցերի շուրջ: Աջակցության ուղղությունները ներառում են գործարար ծրագրերի մշակումը, հարկային և մաքսային խորհրդատվությունն ու տեղեկատվությունը, բիզնեսի գրանցումը, մարքեթինգը, կառավարումը, ֆինանսական ռեսուրսների ներգրվմանն աջակցությունը, ինչպես նաև բիզնես միջավայրի հետ կապված այլ հարցեր: Ծրագիրը նպաստել է ոչ միայն մասնակիցների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, այլ նաև հասարակությունում գործարարությամբ զբաղվելու կանանց դերի ընկալման փոփոխությանը:
Ծրագրի թիրախային խումբը կանայք են, որոնք արդեն իսկ սկսել են իրենց սեփական գործը և ունեն խորհրդատվական և տեղեկատվական աջակցության կարիք, այն փոքր ընկերությունները, որոնք ունեն իրենց բիզնեսը զարգացնելու համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման խնդիրներ, ինչպես նաև կանայք որոնք ուզում են սկսել իրենց սեփական գործը: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում և Երևանում, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվել ավելի քան 3,000 կանանց, որոնք զբաղվում են կամ ցանկանում են զբաղվել գործարարությամբ:









































