Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի աշխատանքային նիստը, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նիստի ընթացքում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել: Նրա խոսքով՝ քննարկվել են ներկուսակցական, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական շտաբների ձևավորման խնդիրներ:
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 13-ին Իջևանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի պարտության հարցին, քննարկվել են պարտության պատճառները:
Շարմազանովի խոսքերով՝ չեն քննարկվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Այդ հարցին ՀՀԿ-ն կանդրադառնա իրավական ընթացակարգերի ավարտից հետո:
Հարցին ի պատասխան, թե արդյոք չի՞ քննարկվել ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուի հարցը՝ հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, որ քանի դեռ Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարում է ԱԺ նախագահի պաշտոնում, կոռեկտ չէր նման հարց քննարկել:
Նիստին, բացի Սերժ Սարգսյանից, մասնակցել են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:









































