Հաջորդ տարի Իտալիայի իշխանությունները մտադիր են անցկացնել Կոլիզեյի հերթական վերականգնողական աշխատանքները, քանի որ ամֆիթատրոնի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 3000 ճաքեր:
Ինչպես հայտնում է Corriere della Sera թերթը, շրջակա միջավայրի պահպանության Legambiente իտալական կազմակերպոթյան տվյալներով՝ Կոլիզեյի վիճակի վրա ազդում են նրա մոտով անցնող բազմաթիվ տրանսպորտային միջոցները. ամեն ժամ այստեղով անցնում է 2000 ավտոմեքենա և 67 տուրիստական ավտոբուս:
Մայրաքաղաքի իշխանությունները խոստացել են, որ Կոլիզեյի փրկությունը սարերի հետևում չէ՝ Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելլա Վալլեի հովանավորության շնորհիվ:
Վերականգնման աշխատանքները, որը գնահատվում են 26 միլիոն եվրո, սկսվելու են 2012 թվականի ապրիլին:
Քաղաքային իշխանությունների նախագծերով՝ ութ տարի անց Կոլիզեյի տարածքը նախատեսված է լինելու միայն հետիոտների համար: Սակայն Legambiente ընկերության փորձագետներն ասում են, որ անհրաժեշտ է արգելք դնել տրանսպորտային երթևեկության վրա վերականգնման աշխատանքների հենց սկզբից, հակառակ դեպքում աշխատանքները իզուր կլինեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պլանավորվում էր վերականգնման աշխատանքները սկսել 2011 թվականին: Բացի այդ, Հռոմի իշխանությունները հերքել են վերականգնման աշխատանքների հովանավորի կողմից Կոլիզեյի սեփականաշնորհման մասին լուրերը:











































