Կալիֆոռնիա նահանգի Սան-Խոսե քաղաքի բնակիչը, որը 1100 դոլար էր վճարել պահպանման խցիկում լքված ուղեբեռի պարունակության համար, հայտնաբերել է ոսկե դուբլոններ և արծաթյա պեսոներ, որոնք թողարկվել են XVI-XIX դարերում: Փորձագետներն այն գնահատել են 500 հազար դոլար:
Ինչպես հայտնում է ABC News-ը, հաջողակ գտածոյի մասին հանրությանը հայտնել է A&E Network հեռուստաալքիով հեռարձակվող Storage Wars ռեալիթի շոուի հաղորդավար Լաուրա Դոթսոնը:
Այս հաղորդման մասնակիցները փորձում են հարստանալ՝ գնելով ունեցվածք, որը պահվում է բարձիթողի վիճակում մնացած պահարաններում:
«Պահեստավորումը» (self storage) ԱՄՆ-ում շատ տարածված սպասարկման տեսակ է, երբ անհատները և մասնավոր կազմակերպությունները վարձով են վերցնում տարածքներ կամ խցիկներ իրենց իրերը պահելու համար: Եթե վարձակալ սահմանված ժամանակում չի վճարում այդ ծառայության դիմաց, ապա ֆիրմայի սեփականատերը կարող է կալանք դնել խցիկի պարունակության վրա և այնուհետև այն վաճառել: Ընդ որում, պոտենցիալ գնորդին թույլ է տրվում միայն մի պահ ծիկրակել` տեսնելու, թե ինչ է արկղում:
Այդպիսի աճուրդների մասնակիցների շրջանում քիչ չեն մասնագիտացված «որսորդները», որոնք հիմնականում հազվագյուտ իրեր վաճառող խանութների կամ գրավատների սեփականատերեր են: Ժամանակ առ ժամանակ պահպանման խցիկներում հայտնաբերվում են հնություններ և արվեստի գործեր:
Այս ռեալիթի շոուի մեկ այլ մասնակից էլ հայտաբերել է Պաբլո Պիկասսոյի չորս նկարներ և Աբրահամ Լինկոլի անհայտ նամակը, որը նա վաճառել է 15 հազար դոլարով:











































