Լիսկայի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արկածից հետո, կամ հերթական արկածից հետո, շատերն արդարացիորեն զուգահեռ են անցկացնում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի «արկածի» հետ և հարցնում, թե ինչու Բեգլարյանին հեռացրին քաղաքապետի պաշտոնից, ընդ որում՝ ընտրովի պաշտոնից, իսկ ահա նշանակովի մարզպետ Խաչատրյանին պաշտոնից չեն հեռացնում:
Երբ լրագրողները երեկ այդ հարցը տվել են վարչապետ Տիգրան Սարգսյանին, նա տվել է մի պատասխան, որից ընդամենը այն է պարզ, որ վարչապետն ինքն էլ չունի այդ հարցի պատասխանը: Բնական է, որ չի էլ ունենա, քանի որ այդ հարցի պատասխանն ունեն միայն նախագահի նստավայրում, և այնտեղ է որոշվելու Սուրիկ Խաչատրյանի ճակատագիրը, հետևաբար, վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ առումով, բնական է, ոչ մի կոնկրետ բան ասել չի կարող: Միևնույն ժամանակ, Գագիկ Բեգլարյանի պարագայի համեմատ կա մի էական տարբերություն ևս, բայց այս անգամ արդեն՝ ոչ Խաչատրյանի օգտին:
Բանն այն է, որ Բեգլարյանի պարագայում քրեական գործ չհարուցվեց, իսկ ահա Սուրիկ Խաչատրյանի դեպքում հարուցվել է քրեական գործ: Ի՞նչ է այս ամենը նշանակում: Նախ, առաջին հերթին երևի թե այն, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հեռացումն իրականում, այսպես ասած, Սերժ Սարգսյանի զայրույթի կամ պոպուլիզմի հետևանք չէր միայն, այլ՝ իսկապես լուրջ ներիշխանական վերադասավորման, որովհետև եթե լիներ միայն զայրույթի և պոպուլիզմի հետևանք, ապա նույն կերպ կվարվեին նաև Սուրիկ Խաչատրյանի հետ:
Սակայն պարզ է, որ Սերժ Սարգսյանը Լիսկայի հետ չի շտապում նույն կերպ վարվել, որովհետև Սյունիքի մարզում անհրաժեշտ է գտնել, այսպես ասած, Լիսկային փոխարինող, որը կտիրապետի մարզին: Երևանի պարագայում այդ խնդիրը չկար, Երևանը բազմաշերտ է, և այստեղ միայն Գագիկ Բեգլարյանը չէ, որ տիրապետում էր իրավիճակին: Սյունիքում այլ է, տարիների ընթացքում իշխանությունը լիակատար ամենաթողություն երաշխավորելով Սուրիկ Խաչատրյանի համար, ստացել է այն, որ ներկայումս Սյունիքի մարզում Խաչատրյանից բացի որևէ այլ կարողունակ մեկը չկա, որին հնարավոր լինի հանգիստ վստահել Սյունիքի մարզը և նրանով փոխարինել չափն անցած մարզպետ Խաչատրյանին:
Պատահական չէ թերևս, որ մամուլում պարբերաբար շրջանառվում է Խաչատրյանի փոփոխության մասին տեղեկատվություն, Խաչատրյանը մեկը մեկից սանձարձակ արարքներ է թույլ տալիս, ընկնում աղմկոտ պատմությունների մեջ, իսկ իշխանությունը խնայում է նրան: Պարզապես իշխանությունը Սյունիքում չունի այլ մեկը, որ հուսալիորեն հենվեր նրա վրա և չվախենար վերարտադրության մեքենայի անխափան գործունեության համար: Սերժ Սարգսյանի ներկայիս հապաղումի գլխավոր պատճառը թերևս հենց սա է, այլապես հազիվ թե Սարգսյանը Խաչատրյանին ավելի հարգեր ու պատվեր, կամ ավելի համակրեր, քան, ասենք, Բեգլարյանին:
Իհարկե, կա մի նրբերանգ՝ Բեգլարյանը նախագահի աշխատակազմի աշխատակցի էր ծեծել, այսինքն` նախագահի նստավայրի վրա էր ձեռք բարձրացրել, և գուցե նաև դրա համար նրան անմիջապես պատժեցին: Բայց դա թերևս գլխավորը չէր, այլ առիթն էր, որովհետև այդ դեպքում Բեգլարյանի հանդեպ քրեական գործ հարուցելն էլ պետք է լիներ, որովհետև եթե բանը ծեծի «մոտիկությունը» լիներ, կամ, այսպես ասած, նախագահականի թասիբի հարցը, ապա առաջին հերթին հենց Բեգլարյանին պետք է քրեորեն հետապնդեին: Այնպես որ, ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը ներիշխանական ու քաղաքական է, իսկ միջադեպերը պարզապես ծառայում են խնդրի լուծման առիթ: Դրա համար էլ լուծումները տարբեր են լինում առնվազն դինամիկայի տեսանկյունից, թեև առայժմ կարծես թե նաև ոճական տարբերություն կա՝ մարզպետի դեմ քրեական գործ է հարուցված:
Այստեղ կա նաև խնդրի հակառակ կողմը: Համենայնդեպս, արժե այն դիտարկել որպես ներկայիս և նախկին զարգացումների որոշակի տարբերության պատճառներից մեկը: Գագիկ Բեգլարյանի հանդեպ քրեական գործ չհարուցվեց, իսկ Խաչատրյանի դեմ հարուցվում է: Իսկ գուցե պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում, այդուհանդերձ, Հայաստանում հասարակական կարծիքն իր ազդեցիկության առումով ևս մի քանի էական քայլ առաջ է գնացել, և իշխանությունն այժմ ստիպված է ոչ միայն հանրային կարծիքը տեղավորել իր պլանների շրջանակում` թողնելով, այսպես ասած, հասարակական պահանջարկի բավարարման տպավորություն, իրականում լուծելով զուտ իր քաղաքական և իշխանական հարցերը, այլ նաև իր պլանները որոշակիորեն տեղավորել հանրային կարծիքի շրջանակում: Իշխանությանը իրավիճակը ստիպեց, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում փոփոխություն գոնե առայժմ չլինի, գոնե անհապաղ փոփոխություն չլինի: Բայց, մյուս կողմից, իշխանությունը ստիպված էր ինչ-որ կերպ բավարարել նաև հասարակական կարծիքը, և ահա այդ իսկ պատճառով այս դեպքում դիմեցին քրեական գործ հարուցելու տարբերակին:
Այլ կերպ ասած` այդ իրողությունն էլ թերևս վկայում է, որ ներիշխանական զարգացումներում Սերժ Սարգսյանը չի կարող հաշվի չառնել նաև հանրային հարթությունում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք գուցե առայժմ ոչ բավարար, բայց արդեն նկատելի ազդեցություն են թողնում իշխանության որոշումների վրա: Թե որքան հեռու կգնա քրեական գործը` դժվար է ասել, բայց փաստ է, որ նախկինում դա էլ չկար: Այնպես որ, իրականում թերևս որոշակիորեն անհիմն է այն հոռետեսությունը, թե իշխանության մեջ ընթանում են հասարակության հետ կապ չունեցող «ռազբորկաներ»: Իրականում այդ «ռազբորկաները» իրենց բուն մոտիվացիայի առումով իսկապես կապ չունեն հասարակության հետ, բայց պարզ է, որ դրանք այլևս չեն կարողանում հաշվի չառնել հասարակության գոյությունն ու հաշվի չնստել հանրային կարծիքի հետ:
Լուսանկարը` Bravo.am-ի







































