ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հույս ունի, որ «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկան» խորագրով միջազգային գիտաժողովը կնպաստի, որպեսզի Ադրբեջանը առավել զուսպ պահի իրեն և զերծ մնա ագրեսիվ քայլերից: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այս գիտաժողովը կարևոր է մտքերի փոխանակման առումով, աշխարհի լավագույն մասնագետները գալիս են գործելու Հայաստանի անվտանգության դաշտում. դա յուրահատուկ կարևորություն ունի:
Անմիջական գործակցության մեջ նրանք կարող են բերել քաղաքական դիվանագիտական տեխնոլոգիաների տեսական մշակումները: Գիտաժողովը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկային և իր մեջ ընդգրկում է անվտանգային բոլոր բաժիններն ու կոմպոնենտները: Այս առումով մենք հնարավորություն կունենանք քաղաքագիտական չափումների մեջ դիտարկել այս դինամիկայի ինչ լինելը և գործընթացների հիմնական վեկտորները, այն, թե ինչպիսի հնարավոր կոնֆիգուրացիաներ կարող են ունենալ անվտանգության գործընթացները Հարավային Կովկասում»,- նշեց Հ. Քոթանջյանը:
Նրա խոսքով` գիտաժողովը Հայաստանին հնարավորություն է ընձեռում հարաբերություններ պահպանել աշխարհի առաջատար կենտրոնների հետ, ինչպիսիք են Հարվարդի համալսարանը, ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանը և Ֆրանսիայի Լիոնի համալսարանը` իր պաշտպանական և անվտանգության հետազոտությունների կենտրոնով:
Միջազգային գիտաժողովին ներկա Բրաունի համալսարանի ներկայացուցիչ Դեր Բերիան իր հերթին նկատեց, որ տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը հիմնված են փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա:
«ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգության և կայունության պահպանմամբ: Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ղարաբաղյան հակամարտության մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար կցանկանայի կրկին գալ: Կարծում եմ` ԼՂՀ հարցի լավագույն լուծումը դիվանագիտական ճանապարհն է, ազգային ինքնության խնդիրը կարևորագույն հարց է, ռազմական քաղաքական լուծումները ևս կարևոր են: Ճիշտ է` դժվար է, սակայն պատերազմական ճանապարհից պետք է խուսափել»,-նշեց նա:









































