Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Գոգարան գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակն անփոփոխ է: Այս մասին ասված է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 տարեկան Գոռ Գասպարյանը ստացել է մարմնի մակերեսի (մաշկի և շնչառական ուղիների) 83%-ի` 3-4-րդ աստիճանի այրվածք: Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այժմ նրան արհեստական շնչառության սարք է միացված:
Իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արման Գասպարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա ստացել է մարմնի մակերեսի 51%-ի` 3-4-րդ աստիճանի այրվածքներ:
Երեխաներից մեկի՝ 4-ամյա Արեն Գասպարյանի թաղման արարողությունը Գոգարանում տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Գոգարան գյուղում այրվել էր Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը. ամբողջությամբ բռնկվել էր առաջին հարկը, մասամբ այրվել էր նաև երկրորդ հարկի մի հատվածը:
Պարզվել էր, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ, ովքեր 2 եղբայրների երեխաներ են:






































