Վերլուծելով այս տարվա մարտին Ադրբեջանում սկսված և իշխանությունների կողմից կոպտորեն ճնշված բողոքի ցույցերը՝ Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն այն անվանում է «Գարուն, որ այդպես էլ չծաղկեց»։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Անկախության քսան տարիները, տնտեսական աճն ու համեմատական կայունությունը այդպես էլ չամրապնդեցին մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը Ադրբեջանում»,- ասվում է կազմակերպության զեկույցում։
Մանրամասն ներկայացնելով գարնանը տեղի ունեցած իրադարձությունները և իշխանությունների կիրառած բռնությունները՝ Amnesty International–ը նշում է պաշտոնական Բաքուն ոչ միայն առաջընթաց չի արձանագրել ժողովրդավարության ուղղությամբ, այլ հակառակը՝ կատարելագործել է իր բռնապետական մեթոդները։
«Խաղաղ ցույցերը, ըստ էության, ապօրինի են որակվում ու արգելվում, դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները բանտարկվում են, իրավապաշտպաններին վախեցնում են, լրագրողներին՝ ծեծում ու առևանգում»,- գրում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն ու, որպես ապացույց, ներկայացնում ազատ լրատվամիջոցների հանդեպ բռնությունները. «Օտարերկրյա հեռարձակումները արգելելու պատճառով երկրում կրճատվել է անկախ լրատվամիջոցների թիվը, վտանգի տակ են հայտնվել նաև ազատ խոսքի մյուս հարթակները՝ ինտերնետն ու սոցիալական ցանցերը»։
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հետապնդում են երիտասարդ ակտիվիստներին ու բլոգերներին, այլև օրենսդրական փոփոխություններ մշակում՝ էլեկտրոնային դաշտը վերահսկելու համար։
Amnesty International-ի հաշվարկներով, միայն այս տարվա գարնանը տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում 17 մարդ է ազատազրկվել. նրանց կազմակերպությունը «խղճի կալանավոր» է անվանում։
Ադրբեջանում, ըստ իրավապաշտպան կազմակերպության, որևէ մեկն իրավունք չունի իշխանությանը քննադատել, այլապես պատասխանատվության կենթարկվի։ Իշխանությունները օգտագործում են պետական հզոր ապարատը՝ մարդկանց վախեցնելու, դատարաններն ու լրատվամիջոցները իրենց ենթարկեցնելու համար։
Զեկույցում անդրադարձ կա նաև միջազգային հանրությանը, որը զգուշավորությամբ է արձագանքում այս դաժան մեթոդներին՝ հաշվի առնելով երկրի բնական պաշարները։
«Կոչ ենք անում Եվրամիությանն ու Ադրբեջանի մյուս միջազգային գործընկերներին` աչք չփակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա և օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու և խաղաղ հանրահավաքների նկատմամբ ճնշումները դադարեցնելու համար։
Ադրբեջանի իշխանությունները պետք է վերանայեն իրենց բռնապետական մեթոդները, միջազգային հանրությունն էլ պետք է հստակ ընդգծի, որ չի ուզում համագործակցել այն երկրների հետ, որոնք ոտնահարում են սեփական քաղաքացիների իրավունքները»,– ամփոփում է իր զեկույցը Amnesty International կազմակերպությունը։









































