Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի զինապահեստում տեղի ունեցած պայթյունը, որին զոհ է գնացել 17 մարդ, տեղի է ունեցել սպառազինության ծրագրի հետազոտման ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին։
Վերջինս այդ հայտարարությամբ հերքել է շրջանառվող այն լուրերը, թե պայթյունը կազմակերպել են Իսրայելի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները. «Պայթյունը որևէ կապ չունի Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ, սակայն հետազոտության արդյունքները, որի ընթացքում է տեղի ունեցել միջադեպը, կարող են հարվածել Իսրայելի ու նրա օկուպացիոն ռեժիմի ատամներին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Թեհրանից 40 կիլոմետր հեռավորության վրա ընկած զինապահեստի պայթյունի արդյունքում զոհվել էր իրանական հրթիռների մշակման ու արտադրության ծրագրի ղեկավար, գեներալ Հասան Մողադդամը։








































