Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարար, նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նախագահ Ռոստամ Ղասեմին Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած Գազ արտահանող երկրների ֆորումի (Գազային ՕՊԵԿ) գագաթնաժողովում առավել ակտիվ համագործակցության կոչ է արել գլոբալ գազային շուկայի ղեկավարումը բարելավելու համար։
Իր ելույթում Իրանի նավթի նախարարն ընդգծել է, որ ֆորումի անդամ երկրների միջև համագործակցության զարգացումը շահավետ կլինի նրանց համար և կարևոր դեր կխաղա էներգետիկ ոլորտի գլոբալ մենեջմենթում.
«Հաշվի առնելով, որ մի շարք արևմտյան երկրներում առկա տնտեսական ճգնաժամն ազդում է գլոբալ էներգետիկ շուկայի վրա, Ֆորումի անդամ երկրների միջև հետագա համագործակցությունը կարող է երաշխավորել գազի համաշխարհային շուկայի զարգացման հեռանկարները և ամրապնդել Ֆորումի անդամ երկրների ինտեգրումը։ Իրանը պատրաստ է կիսվել էներգետիկ ոլորտում իր ունեցած փորձով»։
Հիշեցնենք, որ Գազային ՕՊԵԿ-ում ընդգրկված երկրներին է բաժին ընկնում աշխարհում արդյունահանվող գազի արտահանման 42 տոկոսը, աշխարհի գազային պաշարների 70 տոկոսը, տարանցվող գազի 38 տոկոսը և հեղուկ գազի վաճառքի 85 տոկոսը։









































