«Տեսակետ» մամուլի ակումբի այսօրվա հյուրն էր Հանրապետական կուսակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, ով խոսեց քաղաքակիրթ ընտրությունների, քաղաքական զարգացումների և արցախյան հիմնախնդրի թեմաների շուրջը:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` ՀՀԿ-ական գործիչը նկատեց, որ ընտրություններից հետո պարտվող կուսակցությունները ամեն ինչ անելու են այդ ընտրությունները կեղծված և ոչ արդար որակելու համար:
«Կուզենայի, որ քաղաքական գործընթացները անցնեին առանց ցնցումների, որ քաղաքական ուժերը ակտիվորեն մասնակցեին առաջիկա ընտրություններին, և որևէ ուժ չվիճարկեր դրանց արդյունքները»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետին առնչվող վերջին թոհուբոհին (կապված Սիլվա Համբարձումյանի հետ)` նա նշեց, որ այսօր տարբեր մեկնաբանություններ են հնչում, մինչդեռ պետք է գնահատականներ տալ հարուցված գործից հետո, երբ հստակ կդառնա` իրականում ինչ է եղել:
«Կարևոր է, որ մենք ունենանք իրատեսական բյուջե, որպեսզի հնարավոր ճգնաժամի դեպքում չհայտնվենք քաոսային իրավիճակում, որպեսզի կառավարությունը չկանգնի հրաժարականների առջև»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
ԼՂ կարգավորման հարցում Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` չնայած Ադրբեջանի կողմից` ժամանակ առ ժամանակ հնչող ռազմատենչ հայտարարություններին:









































