ԲՀԿ երիտասարդական միությունը բավական ակտիվ գործունեություն է ծավալում և ծավալելու է նաև ընտրություններից հետո: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Մշտապես ուսանողներին կոչ ենք անում, առաջարկում` ասել, թե ինչպես են ցանկանում տոնել իրենց օրը: Ուսանողության օրվա առթիվ երիտասարդների համար միջոցառումներ ենք կազմակերպել նաև մարզերում, անապահով խավի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին բուհերում բաժանվել են անվանական կրթաթոշակներ:
Ուսանողների միջազգային օրը` նոյեմբերի 17-ը, երեկոյան կամփոփվի Մարզահամերգային համալիրում կայանալիք տոնական համերգով»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով` ուսանողության ամենամեծ խնդիրն այսօր ուսման վարձերի մուծման հետ կապված դժվարությունն է:
««Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, սակայն, հովանավորել և վճարել է բարձր առաջադիմություն ցուցաբերած մոտ հազար ուսանողի ուսման վարձ:
ԲՀԿ-ն կողմ է, որ կրթական ոլորտում գործի կրեդիտային համակարգը, և ուսանողը իր ուսման վարձը սկսի մարել միայն կրթությունն ավարտելուց և աշխատանքի անցնելուց հետո:
Բուհական համակարգում ամենամեծ խնդիրներից մեկն էլ գրադարանների արդիականացման հարցն է, ուր հիմնականում հին գրականություն է»,- նկատեց նա:
Անդրադառնալով ուսանողության`կուսակցականացվածության հարցին` Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ որևէ մեկին բռնի ուժով կուսակցական չեն դարձնում, և ՀՀ 18 տարին լրացած ցանկացած անձ ինքն է որոշում` որ կուսակցության գաղափարախոսությունն է իրեն ավելի հարազատ և որ կուսակցության առաջնորդի գործունեությունը` առավել ընդունելի:
ԲՀԿ պատգամավորի խոսքով` երիտասարդության համար առավել հետաքրքիր է մայրաքաղաքում, քանի որ բուհերը, ժամանցային բոլոր վայրերը կենտրոնացած են Երևանում:
«ԲՀԿ-ն երիտասարդական ծրագրեր միշտ է իրականացրել և իրականացնելու է նաև ընտրություններից հետո»,- հավաստիացրեց Վահե Էնֆիաջյանը` միաժամանակ հրաժարվելով երիտասարդության թեմայից դուրս հարցերի պատասխանել:








































