Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները հայտարարել են Սիրիայի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերով՝ իրենք հարկադրված են գնում այդ քայլին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է ածխաջրածինների մշակման ոլորտում Սիրիայի հետ ամեն տիպի համագործակցությունը։ Խոսքը այն 6 նավթահանքերի մասին է, որոնցում երկու երկրները համատեղ աշխատանք են տանում։
Բացի այդ, քննարկվում է 2006 թվականից Սիրիային հատկացվող էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման հարցը. «Ներկայումս մենք էլեկտրաէներգիա ենք մատակարարում Սիրիային։ Եթե իրավիճակը չփոխվի, կարող ենք վերանայել այդ ոլորտին առնչվող բոլոր որոշումները»։
Հիշեցնենք, որ ակնկալվում էր, թե Թուրքիան ավելի շուտ պետք է պատժամիջոցներ սահմաներ Սիրիայի նկատմամբ, սակայն քրդերի ակտիվությունն ու Վանում տեղի ունեցած երկրաշարժերը հետաձգեցին դրանք։











































