Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչպես է բարձրագույն կրթություն ստացել զորամասի սպա, լեյտենանտ, դասակի հրամանատար Ստեփան Տեր-Նիկողոսյանը, որ ժամկետային զինծառայող Բիլոգային չի կարողացել տարբերել «ուղտից», հետո, երբ վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է ինքը ուղտ` Տեր-Նիկողոսյանը նյարդայնացել ու իշխանազանցության հոդվածով Գրիգորի Բիլոգայի ծնոտը տեղահան է արել:
Երևի թե ամեն ինչ սկսվել է նրանից, որ այս տարվա ընթացքում Տեր-Նիկողոսյանն արդեն հասցրել էր գրավել իրավապահների ուշադրությունը, բայց բախտը բերել էր` միշտ «պլստացել էր», այս անգամ, սակայն, չէր ստացվել: Հունիսի 30-ին` ժամը 19:30-ի սահմաններում, զինվորները շարվել են զորամասի մարզահրապարակում, և վարժություն անելու հերթը հասել է Գրիգորի Բիլոգային:
Նա էլ մի քիչ լավ չի արել վարժությունը, ինչի համար դասակի հրամանատար Տեր-Նիկողոսյանը նրան նկատողություն է արել ու անվանել «ուղտ»: Դե, քանի որ զինվորական միջավայրում վիրավորանքին չպատասխանելը կամ «աչոտ» չպահանջելը լավ չի ընդունվում, Բիլոգան, գումարտակ գնալու ճանապարհին նախ մոտեցել է հրամանատարին ու մի քանի անգամ հարցրել, թե ինչու է նա իրեն «ուղտ» ասում, օրինակ, ի՞նչն է «ուղտական»: Տեր-Նիկողոսյանն էլ, չնայած բարձրագույն զինվորական կրթություն էր ստացել, բայց ռազմական ինստիտուտում երևի չէին բացատրել, որ զորամասում սովորաբար զինվորներ են ծառայում, այնտեղ ուղտեր չկան ու չեն կարող մարզանք անել, ու երևի այդ պատճառով էլ սպան ուղտ բառի իմաստը չէր կարողացել բացատրել:
Զինվորի նույնաբովանդակ հարցախեղդումներն այնքան էին զայրացրել 22-ամյա նորաթուխ սպային, որ չէր կարողացել դիմանալ ու տիրապետել իրեն և, նորմալ պատասխանելու փոխարեն, մեկ անգամ ապտակել էր Բիլոգային: Վերջինս պատասխանել էր, ինչի համար էլ ծնոտին բռունցքի հարված էր ստացել հրամանատարից և շարքային Աշոտ Մխիթարյանի ուղեկցությամբ վերադարձել շարք: Հասնելով գումարտակ` հրամանատարը տեսել էր, որ Գրիգորի Բիլոգայի բերանից արյուն է գալիս: Նրան տարել է զորամասի բուժկետ և գնացել սպայական հերթափոխին մասնակցելու: Հաջորդ օրը դասակի հրամանատարին կանչել են շտաբ և հայտնել, որ իր հարվածից Գրիգորի Բիլոգայի ծնոտը կոտրվել է և նրան տեղափոխել են Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ: Տուժողի պատմելով, ինքն է տեսել, որ ծնոտն ուռած է, ցավում է և չի կարողանում նորմալ ծամել, դիմել է բուժկետ, որտեղ էլ իմացել է, որ ծնոտը կոտրված է: Զորամասի բուժող բժիշկ Հ.Գրիգորյանն իր կազմած տեղեկանքում նշել է, որ առկա է ստորին ծնոտի ձախ կեսի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, ինչը հաստատել է նաև դատաբժիշկ-փորձագետը:
Վերլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները և գործում եղած ապացույցները, դատարանը Ստեփան Տեր-Նիկողոսյանին մեղավոր էր ճանաչել իշխանազանցության մեջ և նրան դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի էր առել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը` հանցանքը կատարելու ռեցիդիվը, որպես մեղմացնող հանգամանքներ` կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը: Բացի դա, դատարանը չէր անտեսել նաև նրա երիտասարդ լինելու հանգամանքը, միաժամանակ չէր շրջանցել զորամասի հրամանատարության տված բացասական բնութագիրը (բազմիցս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության` կալանքի):
Ի դեպ, այս երիտասարդը Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի նոյեմբերի 21-ի դատավճռով 20-օրյա կալանքի է ենթարկվել զինվորական կանոնագրքային կանոնները խախտելու համար: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 30-ի դատավճռով ենթարկվել է 12-օրյա կալանքի` զորամասն ինքնակամ լքելու համար: 2011թ. մայիսի 30-ին կրկին քրգործ է հարուցվել զորամասն ինքնակամ լքելու փաստով, սակայն գործի վարույթը կարճվել է համաներման ակտով: Եվ ահա, շարունակական կալանքներից հետո, ի վերջո, Տեր-Նիկողոսյանը դատապարտվեց, սակայն վերաքննիչ բողոք է ներկայացրել երկրորդ ատյան` խնդրելով փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, նշանակել ավելի մեղմ պատիժ և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Էլմիրա Մարտիրոսյան
«Ժամանակ»









































