Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան այցելած ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխահարաբերությունների խորացումն ունի բացառիկ կարևորություն.
«Այդ համագործակցությունը պետք է համապատասխանի կողմերի շահերին։ Ես իմ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել եմ երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք խնդիրներ։ ԵՄ-ը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանում ժողովրդավարական արժեքների զարգացման, այդ թվում՝ նաև մարդու իրավունքների խնդրին։
Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ԵՄ-ն արդեն իսկ այդ հակամարտության կարգավորման գործընթացին ակտիվորեն մասնակցելու ցանկություն է հայտնել։ Մեր մասնակցությունն այդ գործընթացում տարբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից. այն արտահայտված է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակմամբ, ով զբաղվում է հակամարտությունների լուծմամբ»։
Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են էներգետիկ համագործակցությանն առնչվող խնդիրները՝ դեպի Եվրոպա էներգակիրների առաքման դիվերսիֆիկացման ու էներգաանվտանգության ապահովման համատեքստում, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում հետագա գործողությունները, ղարաբաղյան բանակցային գործընթացը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Էշթոնն Ադրբեջանում պետք է հանդիպումներ ունենա նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի ու նախագահ Իլհամ Ալիևի հետ։









































