ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հինգ տասնյակ անդամների:
Ընդունելությունը նվիրված է եղել ակումբի հիմնադրման 15-ամյակին:
«Վարդանանք» ակումբում ներգրավված են արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը և «Արցախի հերոս» շքանշանակիր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի խոսքով` ակումբի նպատակն է անմար պահել հայրենիքի համար մարտնչած զորավարների, Արցախյան ազատամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը, նրանց օրինակով ու ազգային վեհ գաղափարներով դաստիարակել համալսարանական երիտասարդներին:
Ակումբի անդամները պաշտպանության նախարարին հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն՝ բարձր պահելու Արցախյան գոյամարտում զոհված ազտամարտիկների և հայ հերոսների վառ հիշատակը:
Ս. Օհանյանը բարձր գնահատելով ակումբի գործունեությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, մասնավորապես ասել է, որ «Վարդանանք» ակումբում ներգրավված են մարդիկ, ովքեր զգացել են պատերազմի դաժան հետևանքները:
«Ձեզնից շատերը, հանդիսանալով զոհված ազատամարտիկների հարազատներ, երբեք չեն ընկրկել և իրենց ողջ ջանքերը ներդրել են մեր մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»,- նշել է նախարարը:
«Վարդանանք»-ի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ Ս.Օհանյանի հրամանով ակումբի անդամները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:











































