ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» առաջարկությամբ Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում իր աշխատանքն է սկսել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի (Եվրոպա) Կլիմայի և հիդրոլոգիայի աշխատանքային խմբի (ԿՀԱԽ) 2-րդ ժողովը:
Ժողովը կշարունակվի 3 օր:
Խումբն ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին` ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի 15-րդ նստաշրջանի որոշմամբ:
ԿՀԱԽ-ի ստեղծման նպատակն է կլիմայի և հիդրոլոգիայի ոլորտներում աշխատանքների ինտեգրումը և փորձագետների սերտ համագործակցությունը` տարածաշրջանում հիդրո-կլիմայական աշխատանքների համատեղ իրականացման համար:
ԿՀԱԽ գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է Եվրոպայի տարածաշրջանում կլիմայի և հիդրոլոգիայի ոլորտներում իրականացվող աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը:
Միջոցառմանը մասնակցում են ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դիմիտար Իվանովը, Կլիմայի և հիդրոլոգիայի աշխատանքային խմբի համանախագահներն ու անդամները:
Ժողովի ընթացքում քննարկվելու են մինչ այժմ խմբի կողմից կլիմայի և հիդրոլոգիայի ոլորտներում կատարված աշխատանքները, նվաճումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշվելու են հետագա քայլերը:









































