Այսօր Ազգային ժողովում հարկային փոփոխությունները ներկայացնելիս ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ «Պարտադիր սոցվճարների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է 2 մլն դրամ աշխատավարձից 3%-ի փոխարեն սոցվճար գանձել 8%: Հարկային նոր փոփոխություններով չգրանցված աշխատող ունենալու դեպքում 60 հազար տուգանքն ավելացվում է մինչև 300 հազար դրամ, եթե չգրանցված աշխատողների քանակը գերազանցում է 5-ը: Գերավճարները թույլատրվում է հաշվանցում կատարել սոցվճարումների հաշվին, և 100 հազար դրամի շեմը, որ առանց ՊԵԿ ստուգումների հարկատուն կարող էր հաշվանցել, այժմ բարձրացվում է մինչև 10 մլն դրամ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանի դիտարկմամբ, պարզություն է ստեղծվում նաև հարկային մարմինների համար, որ փոքր գերավճարների դեպքում չեն գնա ստուգումներ կատարելու. «Եթե ուզում ենք կարգուկանոն լինի, պետք է գնալ խստացումների: Պարտաճանաչ տնտեսվարողի համար պետք է թեթևություն մտցնել, իսկ օրենքը չարամտորեն խախտողների դեպքում՝ խստացնել: Եթե 5-6 աշխատող ունի ու չի գրանցել, ուրեմն չարամտորեն է գնացել դրան»:








































