Այսօր Շաքարախտ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1999 թ.-ից նշվում է նաև Հայաստանում: Այս տարի օրը տոնվեց «Շաքարախտով հիվանդների ուսուցանումը և կանխարգելումը» կարգախոսի ներքո:
Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ այսօր կազմակերպվեց միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը: Համաժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանից, հյուրեր Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, շաքարային դիաբետով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում 250 միլիոնի է հասնում: Տարեսկզբի տվյալներով, Հայաստանում շաքարախտով 41.932 հիվանդ կա, ինչը բնակչության 1,4 տոկոսն է կազմում: Կան նաև չգրանցված հիվանդներ, որոնք չգիտեն իրենց հիվանդության մասին: Ի դեպ, մեր երկրում գրանցված հիվանդներից 326-ը երեխաներ են:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում № 17 պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Իրինա Մարգարյանը խոսեց հիվանդության, դրդապատճառների, տարածվածության և կանխարգելման շուրջ: Ըստ նրա` հիվանդությունն, անխոս, տարածվել է: «Մասնավորապես այն տարածվել է տղամարդկանց շրջանում»,- տեղեկացրեց բժիշկը: Խոսելով դրդապատճառներից`նա ասաց, որ հիվանդությունը տարբեր դրդապատճառներ կարող է ունենալ. սոցիալական ծանր պայմաններ, ոչ ճիշտ ապրելակերպ, սթրեսային վիճակ, ապրումներ, ճարպակալում: «Հայ ժողովրդի համար ընկալելի չէ ճիշտ ապրելակերպը, հատկապես` տղամարդկանց դեպքում»,- մեկնաբանեց Ի. Մարգարյանը:
Նա նաև անդրադարձավ հիվանդության իրազեկման աշխատանքներին՝ ասելով, որ աշխատանքներ միշտ են տարվում: Նրա փոխանցմամբ` ընտանեկան բժիշկները ամբողջ տարվա ընթացքում հետևում են իրավիճակին, ստուգում են արյան մեջ գլյուկոզայի քանակը: «Առաջին հերթին մարդը պետք է գիտակցի և տրամադրված լինի բուժում ստանալուն, պետք է ստուգվել, տարին մեկ-երկու անգամ հետազոտվել: Եթե ցանկություն չի լինում, ոչինչ չի պատահում»,- նշեց էնդոկրինոլոգը: Նա խորհուրդ է տալիս ամեն կերպ վերահսկել, պահպանել քաշը և չավելացնել այն: «Սնունդը պետք է առողջ լինի, ապրելակերպը` ճիշտ»,- մասնավորեցրեց Իրինա Մարգարյանը`հավելելով, որ հիվանդությունն, իհարկե, բուժում չունի, սակայն պետք է ունենալ ճիշտ ապրելակերպ:









































