РИА Новости-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը.
«Գերմանիան մտադիր չէ մասնակցել Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու վերաբերյալ քննարկումներին։ Եթե Իրանը շարունակի հրաժարվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունից, ապա անխուսափելի կլինի նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցների սահմանումը։
Մենք չենք մասնակցում Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական ինտերվենցիայի վերաբերյալ քննարկումներին, քանի որ նմանատիպ քննարկումներն անարդյունավետ։ Մենք հրաժարվում ենք դրանցից»։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը հերթական անգամ նշել էր, որ իր երկիրը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի լուծման բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմական ճանապարհը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ անհրաժեշտ է պատրաստվել Ւրանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանմանը, որպեսզի խույս տրվի ինտերվենցիայի անդառնալի հետևանքներից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ գերմանական Leipziger Volkszeitung թերթին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան հանդես է գալիս Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ.
«Դեռևս սպառված չեն այն միջոցները, որոնց շնորհիվ մենք կարող ենք Իրանին առավել թափանցիկության հարկադրել ։ Այդ միջոցների թվում խոսքն առաջին հերթին պատժամիջոցների մասին է։ Դրանք պետք է այնքան կոշտացվեն, որքան դա հնարավոր է։
Կան մի շարք երկրներ, որոնք, սկզբունքային նկատառումներից ելնելով, չեն բացառում Իրանին ռազմական հարված հասցնելը։ Սակայն առաջին հերթին այս խնդիրը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով»։










































