News Georgia-ի փոխանցմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ հանդես է եկել վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիությունը վերականգնելու օգտին.
«Այսօր շատ են այն խոսակցությունները, թե արդյոք պե՞տք է վերականգնել Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը։ Իհարկե, նա պետք է լինի Վրաստանի քաղաքացի, քանի որ նա վրացի է։ Յուրաքանչյուր վրացի, որ ծնվել է Վրաստանում կամ էլ արտասահմանում, որը հոգով ու մարմնով վրացի է, Վրաստանի քաղաքացի է։
Ինձ շատ է անհանգստացնում այս հասարակ հարցը։ Ես վստահ եմ, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաշվի կառնի այս ամենը և Վրաստանի քաղաքացիություն կշնորհի Բիձինա Իվանիշվիլիին»։
Հիշեցնենք, որ երբ հոկտեմբերի 7-ին Իվանիշվիլին հայտարարեց Վրաստանում ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու և դրանով իսկ 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Հոկտեմբերի 11-ին Սաակաշվիլիի հրամանով Իվանիշվիլին և նրա կինը զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից։








































