Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը հայ հասարակությանը հորդորեց չսպասել և անմիջապես կատարել քայլեր:
Ըստ նրա`կարևոր է, որ հասարակությունն ընկալի, թե կարող է փոփոխություններ անել: «Ինձ համար շատ խրախուսական է տեսնել, որ երիտասարդները պատրաստակամ են` լուծելու իրենց խնդիրները, այլ ոչ թե սպասում են որևէ մեկին, որ իրենց փոխարեն դա անի: Հայաստանը գտնվում է բարդ աշխարհագրական և քաղաքական իրավիճակում, բայց ունի ներուժ, որը պետք է օգտագործել»,- այս ուղերձով դիմեց դեսպանը հայ հասարակությանը:
Ամփոփելով դեսպանության վերջին չորս տարիների աշխատանքը` ասաց, որ սոցիալական փոփոխություններն ու զարգացումները մեծ ժամանակ են պահանջում, և դեսպանությունը կենտրոնացել էր հենց այդ առաքելության, մասնավորապես` կանանց պաշտպանության խնդիրների վրա:
Նրա կարծիքով`Զարուհի Պետրոսյանի մահից հետո ավելի բաց սկսեցին քննարկել ընտանեկան դաժանությունը: Քննարկումներում ակտիվություն է դրսևորել նաև քաղաքացիական հասարակությունը: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը աշխատել է նաև երիտասարդների հետ: Ըստ նրա` փորձել են երիտասարդներին խրախուսել` համայնքային մակարդակում դառնալու ավելի ակտիվ:
«Մենք տեսնում ենք այդ երիտասարդների նույնանման պատրաստակամությունը նաև այլ ոլորտներում: Ես ուրախ եմ տեսնել, որ մարդիկ ակտիվորեն քննարկում են ամեն տեսակի ոտնձգությունները բանակում, բնապահպանության բնագավառում, սակայն դա ընդունելի չէ իշխանությանը»,- նշեց դեսպանը`հուսալով, որ արդյունքներ կլինեն նաև այս բնագավառում:
Չարլզ Լոնսդեյլը տարածաշրջանային առաջնահերթություն է համարում հակամարտությունների կանխումն ու խաղաղության հաստատումը:
«Մենք կենտրոնանում ենք մարդկանց միջև հարաբերություններին, բանակցային գործընթացներում ներգրավված չենք, փորձում ենք մարտահրավեր նետել կանխակալ կարծիքներին: Մենք հետաքրքրված ենք մարդու իրավունքների կառավարմամբ և ժողովրդավարության հաստատմամբ»,- այս ոլորտում իրենց ֆունկցիան բացատրեց դեսպանը:
Ամփոփելով իր խոսքը` ասաց, որ ակնհայտ է` գալիք ընտրությունները կարևոր են Հայաստանի համար, և այդ գործընթացները իրենց վրա կբևեռեն մեծ ուշադրություն: Նաև հավելեց, որ Հայաստանի համար ընտրությունները հնարավորություն են` ցույց տալու ժողովրդավարության աստիճանը: Դեսպանն ասաց, որ մշտապես կապ է ունենալու հայ ազգի հետ և գովազդելու է Հայաստանի գեղատեսիլ վայրերը: Չարլզ Լոնսդեյլը խոստովանեց`իհարկե, հուշանվերները շատ կարևոր են, բայց Հայաստանից հեռանալու է ընտանիք կազմած, որը կլինի նրա ամենամեծ ձեռքբերումը:











































